30.01.2014

    «168 ժամ» թերթի հունվարի 28-29-ի համարում <<Չեչեններն ահաբեկչություն են պլանավորում Հայաստանում >> վերնագրով հոդվածում անդրադառնալով տխրահռչակ ահաբեկիչ Դոկա Ումարովի կոչին, թե անհրաժեշտ է Սոչիի օլիմպիադան ձախողել, նյութի հեղինակ Ավետիս Բաբաջանյանը հայտարարել է. <<Իշխանության մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Սոչիի օլիմպիական խաղերի անցկացման ժամանակ Հայաստանում գտնվող ռուսական օբյեկտների վրա կարող են տեղի ունենալ ահաբեկչական հարձակումներ>>: 

Բնականաբար, այս հրապարակումը չէր կարող ուշադրության չարժանանալ անվտանգության մարմինների կողմից և Ավետիս Բաբաջանյանը հրավիրվեց Ազգային անվտանգության ծառայություն: Հոդվածի, մասնավորապես «իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ…» դարձվածքի վերաբերյալ տվեց հետևյալ գրավոր բացատրությունը. «Նշված բառակապակցությունն օգտագործել եմ որպես լրագրողական հնարք, հիմնականում հոդվածին սրություն տալու համար: Ամենայն պատասխանատվությամբ նշում եմ, որ որևէ աղբյուրի կողմից հոդվածում արծարծված թեմայի մասին ինձ որևէ տեղեկություններ, տվյալներ չեն հաղորդվել>>:
Այս բացատրությունից արդեն իսկ ակնհայտ է, որ Բաբաջանյանի «հոդվածը» ոչ միայն կեղծագրություն է, այլև լրագրողական լրջմտության ու տարրական պատասխանատվության բացակայության արդյունք: Այն պարզապես, անհիմն ենթադրությունների, անգիտակից շարադրանք է: Լրագրողը չի ջանացել մտածել մարդկանց մասին, որոնք կարդալու են այդ չարագուշակ մտարկումները: Ի դեպ, դրա մասին չի մտածել նաև թերթի խմբագիրը:

                                                                                                                                                     ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն