01.10.2014

     Առաջին սահմանապահ ջոկատին հանձնվեց զորամասի մարտական դրոշը

     ԱԱԾ սահմանապահ զորքերի Առաջին սահմանապահ ջոկատին այսօր հանդիսավոր կերպով հանձնվեց զորամասի մարտական դրոշը: Լոռու մարզի Պուշկինո ավանի զորամասի շարահրապարակ դուրս բերված դրոշն օծեց Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արզուման Հարությունյանն ընթերցեց զորամասին մարտական դրոշ հանձնելու մասին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վկայագիրը: 
     <<Մարտական դրոշը հանձնվում է ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ սահմանապահ զորքերի առաջին սահմանապահ ջոկատին, որպես զինվորական պատվի, փառքի եւ արիության խորհրդանիշ, որպես հիշեցում ջոկատի յուրաքանչյուր զինծառայողին իր սրբազան պարտքի, հայրենիքին անձնվիրաբար ծառայելու, այն քաջաբար եւ հմտորեն պաշտպանելու, հայրենի հողի յուրաքանչյուր թիզը թշնամուց պաշտպանելու մասին՝ չխնայելով արյունը եւ նույնիսկ՝ կյանքը>>,- ասված էր հանրապետության ղեկավարի վկայագրում:
     ԱԱԾ տնօրենի տեղակալը, շնորհավորելով զորամասի անձնակազմին, նշեց, որ սահմանային անվտանգությունը մեր երկրի անկախության, տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ պետության եւ ժողովրդի անվտանգության ապահովման կարեւորագույն բաղադրիչն է, որ այսօր անցել է զարգացման հաստատակամ ճանապարհ եւ գտել իր ուրույն տեղը ՀՀ զինված ուժերի ընդհանուր համակարգում: 
     Շնորհավորելով ու մաղթելով մարտական եւ հայրենանպաստ ձեռքբերումներով լի ծառայություն ջոկատի զինծառայողներին՝ Ա. Հարությունյանն ընդգծեց, որ մարտական դրոշն այն պետական խորհրդանիշն է, որը մարմնավորում է փառավոր ուղի անցած մեր պետության սխրանքներն ու մարտական ավանդույթները: 
     <<Այս հանդիսավոր արարողությունը համալրելու է ԱԱԾ պատմության էջերն ու բարձրացնելով սահմանապահ զորքերի ծառայողների պատիվն ու հեղինակությունը՝ վերջիններիս էլ ավելի է պարտավորեցնում անմնացորդ նվիրվելու հայրենասիրության վեհ գաղափարին, հավատարիմ մնալու մարտական դրոշին, ծառայողական պարտքին եւ երդմանը, պատվով հաղթահարելու բոլոր մարտահրավերները>>,- ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը: 
     Հանդիսավոր միջոցառման ընթացքում մի շարք զինծառայողներ ՀՀ ԱԱԾ տնօրենի, սահմանապահ զորքերի հրամանատարի և ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության՝ Հայաստանում տեղակայված սահմանապահ զորքերի հրամանատարի հրամաններով պարգևատրվեցին շքանշաններով և պատվոգրերով: Հանդիսավոր երթից հետո ԱԱԾ սահմանապահ զորքերի հատուկ ստորաբաժանումները ցուցադրական վարժանքներ ներկայացրեցին: Լուսանկարներ