20.12.2014

     Դեկտեմբերի 20-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները նշեցին մասնագիտական տոնը: Տոնի առթիվ հրավիրված հանդիսավոր նիստին, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն ընթերցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուերձը, ուր ՀՀ նախագահը շնորհավորելով Հայաստանի Ազգային անվտանգության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ մասնավորապես շեշտել էր. <<այսօր էլ ամբողջ աշխարհում անվտանգության ապահովման խնդիրը դրված է աննախադեպությամբ:

     Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման, աշխարհի տարբեր կետերում հակամարտությունների բռնկման, տնտեսական վայրիվերումների, հետախուզական քայքայիչ գործունեության միջոցների անընդհատ կատարելագործման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության սպառնալիքների խորացման պայմաններում հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ դուք կարողանում եք պատվով կատարել ձեր պարտքը՝ պատշաճ մակարդակի վրա պահելով մեր պետության և հասարակության անվտանգությունը >> :
     ՀՀ նախագահի հրամանագրով ծառայության մի խումբ աշխատակիցներ պարգևատրվեցին Մարտական ծառայության մեդալներով:
     ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը ջերմորեն շնորհավորելով Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, ողջունեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որն ՀՀ վարչապետի պաշտոնում առաջին անգամ էր հյուրընկալվում ԱԱԾ-ում: Անդրադառնալով ՀՀ նախագահի և կառավարության մշտական աջակցությանը ծառայության անձնակազմի սոցիալական, կենցաղային պայմանների բարելավմանը, ծառայության նյութատեխնիկական հնարավորությունների ընդլայնմանն ու արդիականացմանը, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը նշեց. <<Մեր կարիքների նկատմամբ հանրապետության ղեկավարության հոգածությունը կառույցի ակնառու ձեռքբերումների գնահատականն է, հայոց պետականության ամրապնդման ու զարգացման գործում անվտանգության մարմինների դերի և նշանակության արժևորումը: 
     Ամենայն պատասխանատվությամբ և վստահությամբ հավաստիացնում եմ մեր հասարակությանն ու պետության ղեկավարությանը, որ ազգային անվտանգության ծառայությունը ունակ է, պատրաստ ու վճռական դիմագրավել արտաքին և ներքին մարտահրավերներին: Հայաստանի քաղաքացիների, հասարակության ու պետության շահերին սպառնացող վտանգները կանխելու և խափանելու մեր հաստատակամությունն անբեկանելի է ու անսասան>>: 
     ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը նաև հայտնեց, որ ծառայությունը կոնկրետ գործերով է ապացուցում անվտանգության մարմինների աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմը, հակառակորդի սանձարձակ ոտնձգությունները կանխելու և խափանելու վճռականությունը: Որպես օրինակ բերվեց ընթացիկ տարում Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալի հերթական բացահայտումը, հակառակորդի կողմից ձեռնարկված ինտերնետային հարձակմանը հասցված մեր ջախջախիչ հակահարվածը, ինչպես նաև Ադրբեջանի հակերային բազմաթիվ հարձակումների կանխումը՝ անվտանգության մարմինների պաշտպանության տիրույթում գտնվող ոչ մի կայք չի կոտրվել, բացառվել է տեղեկատվության արտահոսքի հնարավորությունը: 
     Այնուհետ Գ. Հակոբյանը շեշտեց, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի վտանգներն ու սպառնալիքները աճելու են և համոզմունք հայտնեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը ի զորու կլինի դիմագրավել այդ նկրտումներին: Շեշտվեց նաև, որ ԱԱԾ գործունեության առաջնահերթություններից է հաջորդ տարի կայանալիք Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումների անվտանգության ապահովման խնդիրների անթերի լուծումը: Նախատեսվող միջոցառումներն ու արարողությունները հասարակական-քաղաքական բացառիկ նշանակություն ունեն և դրանց ընթացքը խաթարելու ցանկացած փորձը համարժեք ու կտրուկ արձագանք պիտի ստանա: Այստեղ անչափ կարևորվեց ծառայության ստորաբաժանումների համակարգված աշխատանքը, սերտ համագործակցությունը ոստիկանության մարմինների հետ: 
     ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը անդրադարձավ նաև այսպես կոչված <<գունավոր հեղափոխությունների>> ալիքին, դրանից բխող ողբերգական իրադարձություններին, կործանարար հետևանքներին, որը ցավոք չշրջանցեց մեզ և այն շտկելու, իրավիճակը կայունացնելու և բնական հունի բերելու համար գերագույն ջանքեր պահանջվեցին: <<Այդ դեպքերից անհրաժեշտ դասեր չքաղած մերօրյա որոշ գործիչներ փորձում են հանրության մի մասը կրկին ներքաշել արկածախնդրության հորձանուտը, հնչեցնում են ապստամբությունների, իշխանություններն ուժով տապալելու անպատասխանատու կոչեր: Ազգային անվտանգության մարմինները չեն պատրաստվում որպես կողմնակի դիտորդ հետևել այդ երևույթներին: Մեր կողմից կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները հանրապետության սահմանադրական կարգի խարխլմանն ուղղված հակաօրինական ցանկացած դրսևորումը վճռականորեն կանխելու համար: Սա սպառնալիք չէ, սակայն նախազգուշացնելու անհրաժեշտությունը մենք տեսնում ենք: 
     Երկիմաստ մեկնաբանությունների, տարաբնույթ շահարկումների տեղիք չտալու համար նշեմ, որ այլակարծության, ընդդիմախոսության, կուսակցական ազատ մրցակցության, բողոքի արտահայտման իրավունքները ժողովրդավարական բազային արժեքներ են և չեն կարող կամայականորեն արգելվել կամ սահմանափակվել: Սակայն քաղաքացիների իրավունքները հստակ սահմանազատված են ամենաթողությունից, անարխիայից, քաղաքական ծայրահեղականությունից: Քաղաքական գործունեությունում ուժային մեթոդներ կիրառելու, զանգվածային անկարգություններ ու բախումներ հրահրելու սադրանքներին մենք հակադրելու ենք միայն օրենքի ուժը>> - հայտարարեց Գորիկ Հակոբյանը:
     ԱԱԾ տնօրենը նաև մի կաևոր դիտարկում ներկայացրեց, որ ընդիմությունը փորձում է իր ազդեցության ոլորտ ներառել սփյուռքահայությանը՝ որի իրակացման դեպքում ապակառուցողական հեռահար հետևանքներն ակնհայտ են. <<Հայաստանի անկախ պետականության ամբողջ ժամանակաշրջանում միայն համայն հայության՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք հավաքական համախմբմամբ է հնարավոր եղել նշանակալի նվաճումներ արձանագրել: Սա անհերքելի փաստ է: Այնինչ, սփյուռքահայության միջավայր ներքաղաքական խնդիրների տեղափոխումը պառակտման իրական պայմաններ կստեղծի թե հայկական համայնքներում և թե Հայաստան-Սփյուռք կապերում: Այդպիսի հնարավոր զարգացումների ազդեցությունը հայ ժողովրդի առաջընթացի, Հայաստանի տնտեսական աճի, արտաքին քաղաքական նպատակների առաջխաղացման համար խիստ անբարենպաստ են լինելու: Եվ վերջապես հարկավոր է ընդունել, որ ներքաղաքական պայքարին պետք է մասնակցեն Հայաստանի քաղաքացիները, իսկ օտարերկրացիները, անկախ նրանց ազգային պատկանելիությունից, այս ոլորտում անելիք չունեն>>: 
     ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը ելույթի վերջում առանձնահատուկ երախտագիտության խոսքեր և շնորհավորանքներ հղեց համակարգի վաստակաշատ վետերաններին և մասնագիտական տոնի առթիվ կրկին ջերմորեն շնորհավորեց Ազգային անվտանգության աշխատակիցներին: 
     Մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձով հանդես եկավ նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ վարչապետը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն արդեն տարիներ շարունակ պատվով է իրականացնում իր առջև դրված խնդիրները՝ ժամանակին արձագանքելով ներքին և արտաքին սպառնալիքներին և աշխարհաքաղաքական արագ փոփոխվող իրավիճակների արդյունքում մեր երկրի առջև ծագող տարաբնույթ մարտահրավերներին: Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց,որ ԱԱԾ համակարգի կուտակած հարուստ փորձն ու մասնագիտական հմտությունները ներկայիս աշխատակիցները կշարունակեն ծառայեցնել Հայաստանի Հանրապետության ազգային շահերի ապահովմանը, մեր պետականության հետագա ամրապնդմանն ու հզորացմանը:
      ՀՀ Ազգային անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների և օպերատիվ հետախուզական գործունեության ընթացքում նշանակալի ձեռքբերումների համար ՀՀ ԱԱԾ մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին ՀՀ վարչապետի հուշամեդալներով և շնորհակալագրերով:
     ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեցին և պարգևներ հանձնեցին նաև ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
     ԼՂՀ Ազգային անվտանգության տնօրեն Արշավիր Ղարամանյանը ընթերցեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ԱԱԾ աշխատակիցների մասնագիտական տոնի կապակցությամբ: ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պարգևատրվեց ԼՂՀ բարձրագույն պարգևով՝ Մեսրոպ Մաշտոց մեդալով, որը նրան հանձնեց ԼՂՀ ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամանյանը: Լուսանկարներ