ԱՏՈՄ-ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ-2006

ԱՊՀ "ԱՏՈՄ-ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ-2006"
համատեղ օպերատիվ-ռազմավարական հրամանատարական-շտաբային զորավարժություններ


"Հայոց Աշխարհ" 28 սեպտեմբերի 2006թ.

ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի նախաձեռնությամբ երեկ Երևանում մեկնարկեց ԱՊՀ երկրների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավար անձնակազմի հավաքը: Երկօրյա հավաքին մասնակցում են անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների պատվիրակություններ, ԱՊՀ կանոնադրական և աշխատանքային մարմինների ներկայացուցիչներ:
Հավաքի մասնակիցներին ուղերձ էր հղել նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Միջազգային ահաբեկչությունը, ծայրահեղականության տարբեր դրսևորումները , թմրամիջոցների և զենքի ապօրինի շրջանառությունը, մարդկանց առևանգումն ու անօրինական միգրացիան սպառնում են մարդկանց և քաղաքացիների անվտանգությանը: Տարբեր պետությունների հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների համագործակցված գործողություններն այդ մարտահրավերների դեմ արդյունավետ պայքարի անհրաժեշտ նախապայմանն են»,- ասված է նախագահի ուղերձում:

Ռ. Քոչարյանի խոսքերով՝ ահաբեկիչներին հնարավոր չէ կանգնեցնել միայն զենքի միջոցով և ուժային մեթոդներով: Անհրաժեշտ են գործուն քաղաքական, դիվանագիտական, ֆինանսատնտեսական մեխանիզմներ, որոնք կարող են վերացնել ահաբեկչությունը ծնող պատճառները: Միջազգային հանրությունը ձեռնարկում է ակտիվ և հետևողական միջոցառումներ՝ հակաահաբեկչական անվտանգության կայուն համակարգի ձևավորման գործում: Դրա վկայությունն է ԱՊՀ հատուկ ծառայությունների, «Մեծ ութնյակի» երկրների, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների և ինստիտուտների մասնակցությունը «Ատոմ-հակաահաբեկչություն-2006» համատեղ զորավարություններին՝ դառնալով ահաբեկչության դեմ պայքարում միջազգային համագործակցության ամրապնդման ևս մեկ կարևոր քայլ:

ԱԱԾ տնօրեն, գեներալ-լեյտենանտ Գորիկ Հակոբյանը նշեց, որ նման ծավալի հավաքները չեն կարող ինքնանպատակ լինել և կոնկրետ խնդիրների լուծում են հետապնդում, այն է՝ մշակել հատուկ ծառայությունների և դրանց ստորաբաժանումների միջև գործընկերային հարաբերություններ:

Նա մտահոգություն հայտնեց, որ ահաբեկչական կազմակերպություններն արդեն դադարեցրել են «դասական» եղանակներով հանցավոր գործունեությունը: Ներկայումս դրանք գործում են լավ պատրաստված կադրերով, որոնք դիվերսիոն գործողությունների փորձ ունեն և պատրաստվել են իրական մարտական պայմաններում: Այդ առումով իրավապահ մարմինները որոշ իրադրություններում գործ են ունենում ոչ միայն առանձին ահաբեկիչների, այլև շատ լավ պատրաստված, զինված դիվերսիոն խմբավորումների հետ, որոնց նպատակներն առավել ընդգրկուն են: Նման դեպքերում, ըստ Գ. Հակոբյանի, հատուկ ստորաբաժանումների ներուժը կարող է չբավարարել արդյունավետ գործողության իրականացման համար և լրացուցիչ ուժերի ներգրավվման անհրաժեշտություն առաջանալ:

Հավաքն ու սեպտեմբերի 28-ին Մեծամորի ատոմակայանում անցկլացվելիք «Ատոմ-հակաահաբեկչություն-2006» համատեղ օպերատիվ-ռազմավարական հրամանատարական-շտաբային զորավարժությունները միտված կլինեն հենց այդ խնդիրների լուծմանը:

Զորավարժության ընթացքում նախատեսվում է մշակել օպերատիվ-որոնողական միջոցառումների կազմակերպման ու անցկացման գործնական հարցեր՝ կապված հանրապետության տարածք թափանցած խափանարար-ահաբեկչական խմբերի բացահայտման և ոչնչացման հետ: Հանրապետության տարածքում ծպտյալ տեղաշարժեր իրականացնող ուսումնական ահաբեկիչների դերում հանդես կգան ՀՀ ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների աշխատակիցները: 

"Հայաստանի Հանրապետություն" 30 սեպտեմբեր 2006թ.

"Ատոմ-հակաահաբեկչություն-2006" համատեղ զորավարժություններն անցկացվել են բարձր մակարդակով

ԱՊՀ «Ատոմ-հակաահաբեկչություն-2006» համատեղ օպերատիվ-ռազմավարական հրամանատարական-շտաբային զորավարժություններն անցկացվել են կազմակերպչական բարձր մակարդակով և պրոֆեսիոնալիզմով: Սեպտեմբերի 26-29-ը Հայաստանում անցկացված ԱՊՀ անդամ-երկրների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավար անձնակազմի հավաքին ու համատեղ զորավարժությանը նման գնահատական տվեց ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Բորիս Միլնիկովը երեկ աշխատանքի ամփոփման նպատակով հրավիրված ասուլիսում:

Նա բարձր գնահատեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության և Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հատուկ նշանակության կենտրոնի ստորաբաժանումների ցուցաբերած վարպետությունը ուսումնավարժանքի ընթացքում Մեծամորի ատոմակայանում ահաբեկիչներին վնասազերծելու, միջուկային վտանգը չեզոքացնելու գործում: Ըստ նրա՝ հաջողությամբ, կոնկրետ և նպատակային քայլերով է գործել նաև գործողության կառավարման շտաբը, ակտիվ մասնակցել է ՀԱՊԿ միասնական շտաբը: Բ. Միլնիկովը կարևորեց գործողության ժամանակ ՀԱԽԿ, ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի, ՀՀ ԱԱԾ և պաշտպանության նախարարության ստորաբաժանումների համագործակցված աշխատանքը, որը իրական վտանգի դեպում համակարգված, փոխգործակցված աշխատանքի հաջող կազմակերպման երաշխիք է: Զորավարժության հաջող արդյունքի մասին խոսում են նաև մասնակիցների ձեռքբերած հմտություններն ու կարողությունները էկոլոգիապես կարևոր օբյեկտների վրա առկա վտանգի, ահաբեկչական գործողություն կազմակերպած դիվերսիոն խմբերի վնասազերծման գործում: «Դրված խնդիրներին հաջողվեց լուծումներ տալ»-, ասաց նա:

Բ. Միլնիկովը տեսակետ հայտնեց, որ միջուկային օբյեկտների պաշտպանությունը կախված է նաև ազգային օրենսդրության կատարելությունից: Նման տիպի օբյեկտները անվտանգության յուրահատուկ բանաձև ունեն, բայց թե որքանով են դրանք իրագործվում, կախված է հարցի իրավական կողմից: Նա հույս հայտնեց, որ իրավական, օրենսդրական խնդիրը ուշադրության կանդրադառնա ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից, քանի որ դա ոչ միայն այն երկրների խնդիրն է, որոնք ունեն ատոմային էլեկտրակայաններ:

ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը ևս նշեց, որ հաջողությամբ իրականացված ուսումնավարժանքի ընթացքում հնարավոր եղավ հասնել նախապես դրված բոլոր նպատակներին: Ըստ Գ. Հակոբյանի՝ զորավարժությունը կնպաստի ահաբեկչական վտանգի դեպքում Հայաստանում պետական կառույցների առավել համակարգված, համագործակցված գործունեության կազմակերպմանը, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ և Անվտանգության դաշնային ծառայության ուժերի կոնկրետ քայլերի համադրմանը ատոմային էներգետիկայի օբյեկտների վրա հնարավոր վտանգի դեպքում:

Նա ևս բարձր գնահատեց զորավարժության շտաբի կատարած պրոֆեսիոնալ աշխատանքը: «Որպես մարդ, ով պատասխանատվություն է կրում երկրի անվտանգության համար, կարող եմ հայտարարել, որ մենք բավարարված ենք զորավարժության արդյունքներով»,-ասաց Գ. Հակոբյանը՝ ավելացնելով, որ հնարավոր վտանգի դեպքում Հայաստանը գիտի՝ ինչպիսի ուժեր և միջոցներ կիրառել խնդրի չեզոքացման համար:

Նա շնորհակալություն հայտնեց հավաքի մասնակից պատվիրակներին, գոհունակություն արտահայտեց ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի հետ համագործակցության մակարդակով և ձեռքբերված արդյունքներով: Եռօրյա հավաքին մասնակցում էին ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների պատվիրակություններ, Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և աշխատանքային մարմինների ներկայացուցիչներ:

Զորավարժություններին դիտորդի կարգավիճակով հրավիրված են «Մեծ ութնյակի» պետությունների, ԵԱՀԿ քարտուղարության հակաահաբեկչական ստորաբաժանման, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հակաահաբեկչական կոմիտեի, ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության, ինչպես նաև Շանհայյան համագործակցության կազմակերպության հակաահաբեկչական տարածաշրջանային կառուցվածքների ներկայացուցիչներ: